ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«Աղվեսը» չի դադարելու սպառնալ, քանի դեռ «կկուն» պատրաստ է «ձագերին» զոհաբերել

«Աղվեսը» չի դադարելու սպառնալ, քանի դեռ  «կկուն» պատրաստ է «ձագերին» զոհաբերել
01.04.2026 | 11:42

Մինչ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր, մեր երկիրը հերթական անգամ հայտնվել է մի կետում, որտեղ հարցականի տակ է դրվել պետության ինքնիշխանության բովանդակությունը։

Իշխող ուժը նախընտրական շրջանի կենտրոնական թեման է դարձրել նոր Սահմանադրության ընդունումը։ Բայց արդյո՞ք սա ժողովրդավարական բարեփոխում է, թե՞ արտաքին ճնշումների տակ իրականացվող «սրբագրում»։ Երբ Հիմնական օրենքը փոփոխվում է ոչ թե հանրային պահանջով, այլ հարևանների նախապայմաններով, մենք գործ ունենք պետականության հիմքերի էրոզիայի հետ։

Այսօր Հեյդարօղլու կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունն ուղիղ համեմատական է խորհրդային բանակում ընդունված բարքերին և, առհասարակ, բանակային այն կանոններին, երբ մեկին հոգեբանորեն կոտրելուց հետո մշտապես պահում են կամակատար և սպասարկու կարգավիճակում։ Դա նաև հիշեցնում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հայտնի հեքիաթը, որը լավագույնս է արտացոլում անվերջանալի զիջումների կործանարար տրամաբանությունը։

Բոլորս էլ հիշում ենք կկվի պատմությունը, որը, սարսափած աղվեսի սպառնալիքներից, հերթով իր ձագերին նետում էր նրա երախը։ Կկուն կարծում էր, թե ամեն զիջումով փրկում է մյուսներին ու իր բույնը, բայց իրականում նա պարզապես գրգռում էր աղվեսի ախորժակը՝ մինչև վերջնական կործանում։

Բայց ես խիստ կասկածում եմ, որ այս համատարած պարտադրանքների տեղատարափը գալիս է ընդամենը մեկ կենտրոնից կամ կետից. այստեղ «շան գլուխն» ավելի խորն է թաղված, քան կարծում ենք։ Եթե փորձենք ավելի խորը ներթափանցել այս պարտադրանքների տիրույթ, կտեսնենք այլ խաղացողների «ականջներ», ում ոչ պակաս ձեռնտու է քայքայված ու անողնաշար պետականությունը։

Այսօր Անկախության հռչակագրի «չեղարկման» և սահմանադրական փոփոխությունների քննարկումները հիշեցնում են հենց այդ կկվի տրամաբանությունը, այն է՝ զիջումների անվերջանալի շղթա։ Եթե մենք սկսում ենք սրբագրել մեր պետականության ծննդականը հարևանների պահանջով, որտե՞ղ է լինելու կանգառը։ Այսօր Հռչակագիրն է, վաղը՝ զինանշանը, մյուս օրը՝ պատմության դասագրքերը, իսկ վերջում՝ հենց պետականության գոյությունը։

Սա կարելի է բնութագրել երկու բառով՝ իրավական ինքնասպանություն։ Ես մի բանում եմ վստահ, հրաժարվելով Հռչակագրից՝ մենք կտրում ենք մեր կապը 1991-ի անկախության ակունքների հետ և կասկածի տակ ենք դնում այդ ժամանակից ի վեր մեր ստեղծած պետության լեգիտիմությունը։ Դա նույնն է, թե տան հիմքը քանդես՝ հույսով, որ տանիքն օդում կախված կմնա։

Եթե Մայր օրենքը փոխվում է հարևանների պահանջով, ապա մենք դադարում ենք լինել ինքնիշխան սուբյեկտ և դառնում ենք ուրիշի քաղաքական օրակարգի սպասարկողը։ Սահմանադրությունը ժողովրդի կամքն է, ոչ թե թշնամու նախապայմանը։

Ցավն այն է, որ շատերը չեն գիտակցում, որ իրենց իներտ մոտեցմամբ մասնակցում են սեփական պետականության և ազգային իղձերի հուղարկավորությանը։ Հռչակագիրը միայն անցյալի մասին չէ, այն մեր ինքնության մասին է։ Դրանից հրաժարվելը նշանակում է վերջնական հրաժարվել Արցախից, Ցեղասպանության ճանաչման պայքարից և Սփյուռքի հետ միասնականությունից։

Դա միայն թուղթ չէ, դա մեր հավաքական կամքի և ինքնության իրավական ամրագրումն է։ Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ներքին համաձայնության արդյունքը, ոչ թե աշխարհաքաղաքական ճնշման հետևանք։ Եվ վերջապես, ուժեղ պետությունները չեն փոխում իրենց հիմնաքարերն ամեն քամուց, այլ պաշտպանում են դրանք։

Մենք պետք է հիշենք՝ աղվեսը չի դադարելու սպառնալ, քանի դեռ տեսնում է, որ կկուն պատրաստ է ձագերին զոհաբերել։ Խաղաղությունը չի գալիս սեփական արժեքները զրոյացնելով, այն ձեռք է բերվում ամուր դիվանագիտությամբ, դիմադրությամբ և սեփական սկզբունքների նկատմամբ հարգանքով։

Եվ վերջապես՝ պետականությունը հագուստ չէ, որը կարելի է փոխել՝ ըստ ուրիշի քմահաճույքի։ Այն մեր պատիվն է ու մեր սերունդների՝ սեփական տանն ապրելու միակ երաշխավորը։

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ